Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ՀՀԿ-ն իրեն ու՞մ տեղն է դրել»

«ՀՀԿ-ն իրեն ու՞մ տեղն է դրել»
06.10.2017 | 01:21

ԵԱՏՄ-ից «Ելքի» դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը քննարկելիս ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը հակադրվեց ընդդիմադիրներին` շատ յուրահատուկ ակնարկով. «Եթե ձեր բերած հայտարարության մեջ բոլոր տնտեսական ցուցանիշները իրական են, դա խոսում է կառավարության վատ աշխատանքի մասին: Ինչու՞ չեք պահանջում կառավարության հրաժարականը, պահանջում եք ԵԱՏՄ-ից դուրս գալը»: Իսկ որ տնտեսական ցուցանիշներն իսկապես հուսադրող չեն, նորություն չէ: Այնպես որ, ՀՀԿ-ականն առաջարկում է ընդդիմադիրներին նոր մարտավարություն ընտրել: «Ելք» խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԻՆ «Իրատեսը» հարցրեց` պատրա՞ստ են հետևելու Աշոտյանի «հորդորին»:

-Մենք մեր գործունեությունը չենք պայմանավորում հանրապետական որևէ պատգամավորի հորդորներով կամ կոչերով,- ասաց Գորգիսյանը։- Մենք ունենք մեր նպատակներն ու գործում ենք ըստ այդմ` փորձելով կյանքի կոչել մեր ծրագրային կետերը:
-Փաստ է, որ տնտեսական ցուցանիշները հուսադրող չեն, դա հիմք չէ՞ վարչապետի հրաժարականը պահանջելու համար:
-2018-ին կառավարությունը փոխվելու է, մի քանի ամիս է մնացել, կարծում եմ, չարժե այսօր այդ ամեն ինչի տակ մտնել: Կառավարության ծրագիրը քննարկելիս մենք նշեցինք բոլոր խնդիրները։ Հանրապետականները, այդ թվում` Արմեն Աշոտյանը, պնդեցին, որ դա երկրի զարգացման ՀՀԿ-ի ծրագիրն է: Եվ եթե այսօր նրանք կարծում են, որ կառավարությունը խնդիր ունի, պետք է առաջին հերթին իրենք պահանջեն Կարեն Կարապետյանի հրաժարականը, որովհետև ղեկը նրանց ձեռքին է: Իսկ մենք առայժմ այդ գործընթացի մեջ մտնելը նպատակահարմար չենք համարում:
-Մեկ այլ ակնարկ էլ եղավ ՀՀԿ-ից, որ եթե դուք նախընտրական շրջանում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսեիք, 7 տոկոսի շեմը չէիք հաղթահարի:
-Մեր ծրագրում ԵԱՏՄ-ի մասին գրված է, որ այդ միությանն անդամակցելը լուրջ քաղաքական սխալ է, որը վնասում է ՀՀ-ին, նրա անվտանգությանը և Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Մենք հիմա անում ենք այն, ինչի մասին գրել էինք: Եթե մի բան սխալ է, ուրեմն դրանք ուղղելու քայլեր պետք է ձեռնարկել, ինչն էլ անում ենք:
-Ի՞նչ եք կարծում` նախընտրական շրջանում արտաքին կողմնորոշումների հարցն իսկապե՞ս հետաքրքիր էր հանրությանը, և քաղաքացին ընտրություն անելիս դա հաշվի կառնե՞ր:
-Չգիտեմ, բայց հստակ է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու, արտաքին կողմնորոշումների մասին հստակ նշված է մեր ծրագրում, և ընտրողները մեզ ձայն են տվել նաև մեր ծրագրի համար: Իսկ նման խոսակցություններն ընդամենը էժան մանիպուլյացիաներ են:
-Ձեր նախագծի շուրջ քննարկումներից ի՞նչ եզրահանգում արեցիք:
-ՀՀԿ-ն այդ հարցի քննարկումից է անգամ վախենում: Չգիտեմ, թե ում ինչ են ուզում ապացուցել, բայց նրանց կեցվածքն այնպիսին է, որ «չենք հանդուրժի նույնիսկ այս հարցի քննարկումը», այսինքն` եթե ժամանակին այսպես են որոշել, ուրեմն անքննելի է, անսխալական: Այդպես չի լինում: Որևէ մեկն անսխալական չէ, և որևէ որոշում չի կարող անքննելի լինել: Միայն Աստծո որոշումներն են անքննելի: Հիմա ՀՀԿ-ն իրեն ու՞մ տեղն է դրել, հարց է, թող հասարակությունը գնահատի:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ